Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Անտանելին

Անտանելին
27.09.2025 | 11:12

Արսեն Թորոսյանը, նկատի ունենալով ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի որակումները առկա իշխանությունների ազգակործան քաղաքականության կապակցությամբ, գրում է.

«Ծերուկն անտանելի է դառնում»։

Նա հավանաբար մոռացել է իր շեֆի տիկնոջ և մյուսների արգահատելի բնորոշումները առաջին Նախագահի հասցեին. «Գիտնական ոջիլ», «Մեռելի զդաչի» և այլն։

Ասացեք խնդրեմ, ո՞վ եք դուք, դու՛ք, դու՛ք և հատկապես ձեր առաջնորդը։

Բացի պարտություններից, նահանջից, պատուհասությունից, դավաճանությունից, անկարողությունից ու անճարակությունից, թշնամուն քծնելուց ու շողոքորթելուց՝ ինչ վաստակ ունեք այս երկրի կայացման գործում։

Դուք ի՞նչ իրավունքով եք նման գարշանք ու զազրախոսություններ շռայլում ՀՀ առաջին նախագահի, հաղթած և անկախություն հաստատած Նախագահի կերպարին։

Անցյալում ես բազմիցս անդրադարձել եմ Լևոն Տեր֊Պետրոսյանին, անողոք քննադատության ենթարկել նրա վարած, թե ներքին, և թե արտաքին քաղաքականությունը։ Սակայն դա ինձ չի խանգարում, որ ժամանակի հեռվից լրջորեն գնահատեմ նրա վաստակը։

Լևոն Տեր֊Պետրոսյանը պատմության դատի առաջ պիտի կանգնի, որպես անկախության առաջամարտիկ, Երրորդ Հանրապետության հիմքերը դրած քաղաքական գործիչ, ՀՀ առաջին Նախագահ, ով պետությունն ու անկախությունը կայացրեց հաղթանակի բովում։

Սա փաստ է։

Իսկ դու` Բրուտոս և դուք բրուտոսներ, ի՞նչ է ձեր արածը, եթե ոչ` դաշույնի հարված Երրորդ հանրապետության թիկունքին։

Դուք ոչ միայն Հայոց պետականության ավանդների չշարունակողն եք, այլև չորորդ հանրապետության մասին սնապարծ ձեր հայտարարություններով միտում ունեք մերժել, կործանել այն ամենը ինչ կոչվում է Հայաստան և ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն։

Դուք` ողորմելի խմբակ և ավելի քան ողորմելի խմբավար, դուք դա անում եք փառասիրությունից, սնապարծությունից դրդված` չգիտակցելով ձեր ոչնչությունը ժամանակի անդրադարձում։

Դուք վաղուց ոչ միայն անտանելի եք, այլև զզվելի։

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմության ընթացքում զերծ չի եղել նման պիղծ հոգիներց, դավաճաններից, ողորմելի թշվառականներից, զզվելի գոյանքներից։

Պատմությունն անողոք է նմանների հանդեպ։ Իբրև կանոն նմանները նետվում են պատմության աղբանոց, աներկբա աղբանոց` իբրև առողջ, ազատ կյանքի խոչընդոտ, շնչառությունն արգելակող քթի խոռոչի զզվելի լորձունք։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հ. Գ.

Հուսահատ եմ, գրելը ոնց որ ավելորդ եմ համարում։

Ախր, ամեն ինչ ասված է։ Բայց էլի գրում եմ։ Էսօր էլ գրեցի։ Սա ընդամենը ցավի ճիչ է։

Վերևում Մկների ժողով է, ներքևում` Անտարբերություն։ Զանգ կախող չկա։

Լկտիությունն ու անպատկառությունը պատռել են բոլոր սահմանները։

26.09.2025թ.

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ